ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ժամանել է Թեհրան մասնակցելու «Չմիավորման շարժում» գագաթաժողովին, որն անցկացվում է Իրանի մայրաքաղաքում։

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցի շրջանակում նախատեսվում նաեւ հանդիպումներ Իրանի ղեկավարության հետ։  

Պան Գի Մունը հայտարարել է, որ մտադիր է Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեի եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում կարեւոր դեր ունի։

Իրանը Սիրիայի գործող իշխանության դաշնակից է, եւ չի սատարում Արեւմուտքի քաղաքականությանն այդ երկրում։

Գլխավոր քարտուղարը նաեւ մտադիր է քննարկել Իրանի միջուկային հարցը, սակայն ՄԱԿ-ում նշում են, որ Պան Գի Մունը չի այցելելու միջուկային օբյեկտներ, չնայած, որ այդ մասին հայտարարում են իրանցի ներկայացուցիչները։

Նշենք, որ Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2007թ. հունվարի մեկից, սակայն պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է այցելում Իրան։