Եթե «Ժառանգություն» խմբակցությունը կարողանա մեզ համոզել Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտության մեջ, ապա ՀՀԿ-ն կքննարկի հարցը:  Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության` Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող նախաձեռնությունը:

Շարմազանովի խոսքով` Հայաստանի Ընտրական օրենսգիրքն արդեն բարեփոխվել է` ստանալով միջազգային փորձագետների բարձր գնահատականը: Ավելին, բարեփոխված օրենսգրքի պայմաններում հաջողվել է խորհրդարանական  ընտրություններ անցկացնել, որոնք լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ:

«Իշխանությանը հաճախ են մեղադրել նրանում, որ հնարավորություն չկա արդար կերպով հաշվարկել ընտրությունների օրը երկրի սահմանից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների քվարկության արդյունքները: Բնականաբար,  բարեփոխումներում այդ կետը չէր նախատեսվել: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը, ապա այն դեռ չի քննարկվել»,-ասաց Շարմազանովը: