Թեհրանում Իրանի նախաձեռնությամբ անցկացվող Չմիավորված շարժման երկրների գագաթաժողովում որոշում է ընդունվել խումբ ստեղծել Սիրիան ճգնաճամից դուրս բերելու համար: Այդ մասին օգոստոսի 29-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Այն ժամանակ, երբ այլ միջազգային կազմակերպութուններն ընդգրկված են սիրիական խնդրում, Չմիավորված շարժումը չի կարող մի կողմ քաշվել», - հայտարարել է նա Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ Սալեհիի` «առաջարկություն է ստացվել, որ Շարժման «եռյակը» միանա Սիրիայում խնդրի լուծման ջանքերին», հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Հայտնի է դարձել, որ «եռյակի» մեջ են ընդգրկվելու Իրանի, Եգիպտոսի եւ Վենեսուելայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Լիբանանը եւ Իրաքը: «Եռյակը» կհամագործակցի միջազգային այլ կազմակերպությունների հետ», - ընդգծել է Սալեհին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-31-ն Իրանում ընթանում է Չմիավորված շարժման 16-րդ գագաթաժողովը: Պան Գի Մունը Թեհրան է ժամանել գագաթաժողովին մասնակցելու համար:
Շարժումը հիմնադրվել էր Բելգրադյան կոնֆերանսում` 1961 թվականի սեպտեմբերին: Սկզբնապես նրա կազմում ընդգրկվել էին 25 պետություններ, այժմ` 120: Նրա հիմնական սկզբունքը ռազմական միավորումներին չմասնակցելն է, մասնավորապես` ՆԱՏՕ-ին:




























