Իրանը պետք է աշխարհին ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` Թեհրանում ԻԻՀ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ զրույցում Պան Գի Մունը նշել է, որ հիասթափված է Իրանի` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ  բանակցությունների շոշափելի արդյունքների բացակայությունից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ «ուշադիր հետեւում է 5+1 խմբի հետ  իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին»: Նա ընդգծել է, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է իրանական միջուկային ծրագրի տարաձայնությունները լուծելու համար:

Պան Գի Մունը Թեհրան է ժամանել օգոստոսի 29-ին` Չմիավորված շարժման գագաթաժողովին մասնակցելու համար: Իրան կատարած այցը նրա համար առաջինն էր, եւ այն հարուցել է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ նրանց համախոհների քննադատությունը: Դա չի խանգարել գլխավոր քարտուղարին բանակցություններ վարել Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի, նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ԻԻՀ-ի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի ղեկավար Սայիդ Ջալիլիի եւ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Պան Գի Մունը, ինչպես եւ խոստացել էր, բարձրացրել է Իրանում մարդու իրավունքների  հարցը, հաղորդում է «Ռոսբալտը»:

«Մենք Թեհրանի հետ քննարկել ենք ՄԱԿ-ի հետ համագործակցելու ուղիները: Մենք լուրջ մտահոգություն ունենք այս երկրում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: