Մեկ-երկու շաբաթ հետո մեկնարկող քաղաքական աշնան օրակարգի հիմնական հարցերից մեկը 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության` մեկ միասնական թեկնածուով մասնակցելու հնարավորությունն է: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Այդ թեման, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ընդհուպ մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրը: Նաեւ դրանից հետո ու հիմնականում իշխանությունների կողմից՝ որպես ընդդիմության պառակտվածության ապացույց: Ընդդիմության միասնական թեկնածուի թեման արհեստական է, սակայն այնքան, որքան կեղծ է միասնական թեկնածուով հանդես գալու` առանց բացառության` բոլոր ընդդիմադիր կամ իրենց այդպիսին համարող ուժերի ցանկությունը: Հայ ազգային կոնգրեսն, օրինակ, միասնական թեկնածուի թեման չի բացառում այնքանով, որքանով որ այդ թեկնածուն կարող է լինել Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ իրադարձությունների որոշակի սցենարով զարգացման դեպքում` ԲՀԿ-ի թեկնածուն: Նույնկերպ այդ թեման քննարկում է «Ժառանգությունը»` չթաքցնելով, որ միասնական թեկնածուն կարող է լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն: ՀՅԴ-ն եւս «թեմայի մեջ» է այնքանով, որքանով դա կարող է նպաստել կամ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, կամ քոչարյանական բեւեռի թեկնածուի «միասնականացմանը»:

Ի թիվս այլ պատճառների, միասնական թեկնածուի թեման արհեստական է նաեւ այն պատճառով, որ վերը նշված հնարավոր գործիչներն ու ուժերը մեկը մյուսի նկատմամբ ունեն նույնքան թշնամանք ու անհանդուրժողականություն, որքան գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Այսինքն` եթե տեսականորեն պատկերացնենք, որ միասնական թեկնածու է դառնում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հաղթում ընտրություններում, ապա Ր. Հովհաննիսյանի համար նա պակաս անընդունելի չի լինի, քան Սերժ Սարգսյանը: Նույնը կարելի է ասել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար` Ր. Հովհաննիսյանի` թեկնածու դառնալու եւ ընտրվելու դեպքում: Ռոբերտ Քոչարյանի պարագայում այս գործոնն ավելի ընդգծված է. թե' նրա համար են բոլորն անընդունելի, թե' ինքը՝ բոլորի համար: Նրա թեկնածությունը կարող է մյուսների կողմից «ընդունելի» համարվել միայն Հայաստանից դուրս կատարվող գործընթացների արդյունքում, որոնք մեր քաղաքական ուժերի համար վեր են ներքին անհանդուրժողականությունից ու քաղաքական սկզբունքայնությունից: Մի խոսքով, միասնական թեկնածուի թեման հայաստանյան քաղաքական դաշտի ներկայիս իրողությունների պայմաններում ոչ միայն արհեստական է, այլեւ անհեթեթ: Այդ դեպքում, ինչո՞ւ է այն շարունակում քննարկվել: Եթե դրա մասին խոսեին միայն իշխանական քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները` հասկանալի կլիներ: Իշխանության համար այդ թեման միշտ ձեռնտու է եւ ընդդիմության դեմ հակաքարոզչության հարցում լրացուցիչ դիվիդենտներ է ապահովում: Սակայն այդ մասին խոսում են նաեւ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն: Մինչդեռ, ազնիվ լինելու պարագայում բոլորը պետք է հայտարարեին, որ այդ թեմայի քննարկումն անիմաստ է այս, այս, եւ այս պատճառներով: Ինչո՞ւ, ուրեմն, ընդդիմությունը չի փակում այդ թեման: Գուցե այն պատճառով, որ Աժ ընտրություններում իշխանությունից «մասնաբաժին» ստանալուց հետո նախագահականում հաղթելու սեփական հնարավորություններն այնքան ցածր են գնահատում, որ ներկայումս ընդամենը զբաղված են քաղաքական առեւտրով` 2013թ. ընտրություններից հետո քաղաքական դաշտի հնարավոր վերաբաշխմանը մասնակից դառնալու համար: Ի դեպ, միասնական թեկնածուի հարցն արդիական է նաեւ իշխանական համակարգում, որը ներկայումս աշխատում է Սերժ Սարգսյանին իշխանության` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածու դարձնելու ուղղությամբ: Տարբերությունն այն է միայն, որ ընդդիմության` միասնական թեկնածուի արհեստական փնտրտուքը նպաստում է դրան` նվազեցնելով նախագահական ընտրություններում գոնե երկրորդ փուլ արձանագրելու` առանց այդ էլ փոքր հնարավորությունը»,- գրում է «168 ժամը»: