ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ Գեղարքունիքի մարզի հանրակրթական  դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրվելու են անվճար։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Դիմելով խորհրդակցությանը ներկա  դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ, բոլոր դասագրքերը՝ ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում  էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար։ Կրթության եւ գիտության նախարարությունը այս առումով իրականացնելու է հետեւողական վերահսկողություն»։ Նախարարը նաեւ նշել է, որ այս տարի միջին դպրոցի մի շարք դասարաններում կրթական գործընթացը կկազմակերպվի  բեռնաթափված ծրագրերով։ Նախարարը հիշեցրել է, որ 2018 թվականից հանրակրթական դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա. «Նրանք ունեն 6 տարի ժամանակ այս ընթացքում ստանալու անհրաժեշտ որակավորում»։ Նախորդ տարվանից մեկնարկած ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կավարտվի 2016 թվականին»,- նախարարի խոսքերը մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: