Վաղը ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկելու է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ ներկայացված դիմումը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ դիմումը մերժվի։ Թե երբ կքննարկվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի դեմ ներկայացված դիմումը, դեռ հայտնի չէ։ Վերջիններիս դեմ դիմումը ներկայացվել է PINK հասարակական կազմակերպության կողմից՝ երեւանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված նշված երկու պատգամավորների արած հայտարարությունների առնչությամբ։ Իր դեմ ներկայացված դիմումի վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ասաց. « ...Կարծում եմ, նմանատիպ կազմակերպություններին ինչքան անտեսենք, այնքան ավելի լավ, որովհետեւ նման հասարակական կազմակերպությունները ոչ թե իրական արժեքներ ստեղծող, այլ ավելի շատ սեփական եկամուտները (հատկապես արտասահմանյան կառույցներից եւ անձերից) մեծացնելու ձգտմանն ուղղված գործողություններ են նախաձեռնում...
Մի բան կարող եմ վստահ ասել, որ թե Շարմազանովը, թե ես ոչ միայն չենք խախտել սահմանադրական որեւէ նորմ, այլեւ ուղիղ շարժվել ենք հենց Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի խղճի, համոզմունքի եւ սեփական կարծիքը հրապարակավ արտահայտելու մոտեցումից»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում «Հայկական ժամանակը»:




























