Օգոստոսի 28-ին ՌԴ-ն տեղեկացված է եղել Վրաստանում նախատեսված հատուկ գործողության մասին: Այդ մասին օգոստոսի 29-ի երեկոյան հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

«Վրաստանը Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Մենք հենց երեկ էինք հոգացել, որ մեր միջազգային գործընկերները տեղեկություն ստանան իրադարձությունների մասին: Մենք այդ մասին տեղեկացրել ենք Վրաստանում ԵՄ-ի առաքելությանը… Մենք մեր շվեյցարական գործընկերների միջոցով ՌԴ-ին տեղեկացրել էինք այդ գործողության մասին, որպեսզի հետագայում որեւէ  թյուրիմացություն չլինի», - հայտարարել է Բոկերիան, մեջբերում է «Գռուզիա օնլայնը»:

Բոկերին անլուրջ է անվանել ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք հերքել են Ռուսաստանի կամ Վրաստանի կողմից սահմանի անցման որեւէ դեպք:

Բոկերիան վստահեցրել է, որ վրացական հատուկ ծառայությունները ամեն ինչ կանեն, որպեսզի զինված խմբավորման մյուս անդամներին պահեն  Լոպոտի ձորում: Ըստ նրա` Վրաստանի սահմանի իրավիճակը կապված է Ռուսաստանում իրավիճակի հետ, մասնավորապես` Դաղստանում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 29-ին վրաց-ռուսական սահմանի դաղստանյան հատվածում վրաց ուժայիններն իրականացրել են հատուկ գործողություն զինված խմբավորման ոչնչացման գործով: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` զոհվել են վրացի 3 հատուկ ջոկատայիններ, 5-ը` վիրավորվել: Ոչնչացվել են 11 գրոհայիններ, 6-ը շարունակում են թաքնվել ձորում: 

Ավելի ուշ ռուս ուժայինները հերքել են վրացական կողմի հաղորդագրություններն իրենց տարածք գրոհայինների թափանցելու մասին եւ այդ հայտարարություններն անվանել են սադրանք: