Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են լինելու արձագանքել յուրաքանչյուր ահազանգի եւ ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն։ Մշտապես գործում է նաեւ շուրջօրյա 116 արագ արձագանքման հեռախոսահամարը, որով քաղաքացիները անվճար կարող են դիմել Պաշտպանի միջամտությանը։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ չնայած ԵՄ/ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր միայն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար, սակայն, հաշվի առնելով ծրագիրի հաջողությունը եւ կուտակած փորձը, ինչպես նաեւ ունենալով պահանջվելիք ռեսուրսները՝ Պաշտպանի աշխատկազմը պատրաստ է աջակցել քաղաքացիներին նաեւ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ 2012թ. մեկնարկեց ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ընտրություններին աջակցելու լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակներ հիմնվեցին Հայաստանի վեց մարզերում՝ համալրված երեք անձից բաղկացած անձնակազմով։ Հատուկ ընտրությունների օրվա համար ձեւավորվեցին նաեւ արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես արձագանքում էին թեժ գծի ահազանգերին:




























