Մոսկովյան շրջանում անչափահաս տղան սպանել է սեփական հորը, որը խանգարել էր նրա վիդեոխաղը՝ կտրելով սարքի լարերը։ Տղան ընդամենը 12 տարեկան է, եւ նրան քրեական պատասխանատվություն չի սպառնում։
Նախնական տվյալներով՝ ողբերգության օրը 41-ամյա տղամարդը տուն է եկել հարբած վիճակում եւ որդուց պահանջել ազատել տան համակարգիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Հարբած հորը տեսնելով` տղան հրաժարվել է դա անել: Այդ ժամանակ տղամարդն սպառնացել է որդուց խլել Xbox 360 խաղալիքը, իսկ երբ որդին չի արձագանքել սպառնալիքին, մոտեցել է եւ դանակով կտրել լարը: Ի պատասխան տղան վերցրել է նույն դանակը եւ հարվածել հոր կրծքավանդակին, վերջինս մահացել է տեղում: Դանակը դիպել է սրտին:
Իրադարձությունների մի փոքր այլ վարկած է ներկայացնում Life News-ը: Ըստ հրատարակչության` դպրոցականը պարզապես պաշտպանել է մորը:
Հարբած տուն գալով եւ տեսնելով, որ տղան խաղում է իր սիրելի խաղը, Դմիտրին սկսել է գոռալ եւ նրան անբան անվանել: Երեխային պաշտպանության է շտապել մայրը: Ամուսնու եւ կնոջ միջեւ վեճ է բռնկվել, տղամարդն սկսել է նրան մեղադրել սխալ դաստիարակության մեջ եւ սպառնացել է սպանել ամբողջ ընտանիքին: Ինչ-որ պահի Դմիտրին բռուցքով հարվածել է կնոջը: Այդ պահին էլ դպրոցականը դանակով հարվածել է հորը:
Միայն ավելի ուշ` հարցաքննության ժամանակ, տղան բացատրել է, որ նեղացել էր ծնողից փչացրած խաղային սարքի պատճառով:


























