Սիրիական պատվիրակությունը լքել է Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ-երկրների հանդիպումն, այն ժամանակ, երբ ելույթ է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին:

Մուրսին սիրիական ռեժիմը ռեպրեսիվ է անվանել եւ երկրում արյունահեղությանը վերջ տալու նպատակով  համագործակցության պատրաստակամություն է հայտնել բոլոր կողմերի հետ,  հայտնում է «Ինտերֆաքսը»`վկայակոչելով միջարաբյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը:

Եգիպտոսի նոր նախագահը 30 տարվա դադարից հետո առաջին անգամ է ժամանել Իրանում ընթացող Չմիավորման շարժման գագաթնաժողովին: 1978-1979 թթ-ի հեղաշրջումից հետո եգիպտոսի առաջնորդները դադարել են այցելել Իրան, հայտնում է  «Ուտրո.ru»-ն` վկայակոչելով  BBC-ն:

Հանդիպման գլխավոր թեմաներից են Սիրիական ճգնաժամը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ իրանական միջուկային ծրագրերի շուրջ առաջացած անհամաձայնությունները: Այս գագաթնաժողովի միջոցով Իրանը հույս ունի դուրս գալ այն մեկուսացումից, ինչին նպատակուղղված է  արեւմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովի ընթացքում Իրանն առաջարկել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար խումբ ստեղծել: Ենթադրվում է, որ եռյակի մեջ կմտնեն  Իրանը, Եգիպտոսը եւ Վենեսուելան: