Սիրիայի պատվիրակությունը Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովի նիստերի դահլիճը լքել է պատվիրակության ղեկավարի` միունույն ժամանակ նախատեսված  հարցազույցի պատճառով, այլ ոչ թե որպես բողոքի նշան` ուղղված  Եգիպտոսի  նախագահ Մուհամեդ Մուրսիի խոսքերի դեմ: Այս մասին հայտնել է «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը:

«Սիրիայի պատվիրակությունը չի լքել գագաթնաժողովը, պարզապես պատվիրակության ղեկավարը այդ նույն ժամանակ հանդիպում էր նախատեսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները, վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը, հայտնել են, որ սիրիական պատվիրակությունը իբր լքել է Չմիավորման շարժման անդամ-երկրների հանդիպումը, երբ ելույթ էր ունենում Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին: Մուսին, ըստ հեռուստաընկերության, Սիրիայի իշխանություններին անվանել է ռեպրեսիվ եւ երկրում արյունահեղությանը վերջ տալու նպատակով բոլոր կողմերի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովը, որին մասնակցում են մոտ 120 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, բացվել է 3 օր առաջ եւ կավարտվի օգոստոսի 31-ին: Ինչպես գագաթնաժողովի մեկնարկի նախաշեմին հայտնել է Իրանի արտգործնախարար Ակբար Սալեխին, ֆորումի մասնակից-երկրների նպատակն է Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը: