Samsung ընկերության կողմից մրցակից Apple-ին մեկ միլիարդից ավելի տուգանքը 5 ցենտանոց մետաղադրամներով վճարելը «կեղծ նորություն» էր։ Այդ տեղեկատվությունը մեր կայքում տեղադրելով՝ ենթադրում էինք, որ ընթերցողը կհասկանա, որ դա կատակ է եւ նման բան չի կարող լինել։
Այն մասին, որ դա «փուչիկ» էր, իր միկրոբլոգում գրում է լրագրող Չարլզ Արթուրը։ Նախապես այն հայտնվել է El Deforma-ում՝ Onion-ի համաբանությամբ մեքսիկական կայքում, որը հրապարակում է այսպես կոչված «ֆեյք» նորություններ։ Հետո հայտնի 9Gag.com կայքը համապատասխան կոմիքս էր հրապարակել անգլերենով։ Նորությունը հայտնվել էր Paper Blog կայքում (Վերջում ակնարկվում է, որ նորությունը կեղծ է. «Կարծում եք դա սո՞ւտ է։ Դե լավ, չէ որ ձեզ դուր եկավ»)։
Տուգանքը մետաղադրամներով վճարելու տեղեկությունը արագ տարածվել էր բլոգներում, նաեւ՝ մի քանի կայքերում։
Ինչպես նշել է Արթուրը, Samsung-ը չէր կարող տուգանքը վճարել հիմա, քանի որ ատենակալների վճիռը չի հաստատվել դատավորի կողմից, որը կարող է ավելացնել գումարը: Նույնիսկ եթե հարավկորեական ընկերությունն իրականում միլիարդ դոլարը որոշի վճարել մանր մետաղադրամներով, Apple-ն իրավունք ունի հրաժարվելու, գրում է lenta.ru-ն:
Կասկածելի են նաեւ թվերը: Բլոգեր Քեն Թինդելը հաշվել է, որ 5 ցենտանոցներով միլիարդ դոլարի տեղափոխման համար հարկավոր կլինեին 18 անիվ ունեցող 2755 բեռնատարներ: Ավելին, նման գումարը 5 ցենտանոցներով հավաքելու համար անհրաժեշտ կլիներ 20 միլիարդ մետաղադրամ, ինչպես 2006 թվականին նշել էր The New York Times-ը, շրջանառության մեջ եղած համապատասխան բոլոր մետաղադրամները:




























