Սիրիական բանակի ստորաբաժանումները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Դամասկոսի արվարձան Զամալքայում, ինչի արդյունքում ավազակային խմբավորումների մեծ թվով անդամներ են ոչնչացվել, նաեւ առգրավվել է խոշոր զինանոց, այդ թվում՝ իսրայելական արտադրության նռնակներ։ Այդ մասին հաղորդել է սիրիական պետական լրատվական «ՍԱՆԱ» գործակալությունը։

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, իրեն  «Իսլամի բրիգադ» («Լուվա ալ Իսլամ») անվանող խմբավորումը Դամասկոսի մերձակա Զամալքա գյուղում ազգային-կրոնական հողի վրա զանգվածային սպանդ էր իրագործել: Դաժանաբար սպանվածների թվում են հայտնվել նաեւ հայ ընտանիքի 6 անդամներ` ամուսինը, եղբայրը, կինը եւ երեք երեխաներ։ Վերոնշյալ խմբավորման անդամները նրանց վրա կրակ էին բացել փողոցում՝ անցորդների աչքի առաջ։