Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո տարածաշրջանում մեկը մյուսին հաջորդեցին ուժեղ երկրաշարժեր՝ Ադրբեջանի Զաքաթալա քաղաքում, այնուհետեւ Իրանում, որի հետցնցումային շրջանը դեռ չի ավարտվել։ Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:
Դրան հաջորդել է Թուրքիայի Իգդիր քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժը, որը նույնպես զգացվել է Հայաստանում: «Նշված երկրաշաժերի ընդհանուր գծերից մեկն այն է, որ դրանք տեղի են ունեցել նույն սեյսմաակտիվ գոտու Ալպ-Հիմալայան հատվածում: Այլ ընդհանուր բան այդ երկրաշարժերը չունեն: Դա նշանակում է, որ վերը նշված երկրաշարժերը Հայաստանի վրա որեւէ ազդեցություն չէին կարող ունենալ` այլ երկրաշարժերի հարուցման պատճառ դառնալու տեսակետից: Քանի որ այդ երկրաշարժերը կապված են տարբեր խզվածքների հետ եւ արտահայտում են այդ խզվածքների կոնկրետ հատվածների սեյսմաակտիվությունը»,- նշեց նա։
Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն ասաց, որ Իրանի երկրաշարժից հետո մակրոսեյսմիկ հետազոտություն են կատարել Ագարակում եւ Մեղրիում։ Ըստ իրենց հետազոտությունների` այդ քաղաքներում սեյսմիկ ինտենսիվությունը եղել է 5-6 բալ: «Դա նշանակում է, որ շենքերի եւ շինությունների փլուզումներ չեն եղել: Քանի որ շենքերի մեծ մասն ունի ֆիզիկական մաշվածություն, որոշ տեղերում դրանց պատերի վրա ճաքեր են առաջացել»,- նշեց նա:
Գ. Նամալյանը հերքեց բնակչության շրջանում Հայաստանում կամ տարածաշրջանում առաջիկայում սպասվող ուժեղ երկրաշարժի լուրերին եւ կոչ արեց իրազեկ լինել երկրաշարժ դեպքում անվտանգության վարքականոններին։




























