Տեղեկատվությունը, որ Դամասկոսի արվարձանում Իսլամի բրիգադ» («Լուվա ալ Իսլամ») խմբավորման հարձակման զոհ են դարձել վեց հայեր, չի հաստատվել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ վկայակոչելով Հայաստանում Սիրիայի դեսպանատան տվյալները։
Բալայանի խոսքով՝ Հայաստանում Սիրիայի դեսպանատանը հստակեցրել են, որ հայ համայնքից նոր զոհերի մասին տեղեկատվություն չկա։
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «Sham Times»-ին, հայտնել էր, որ իրեն «Իսլամի բրիգադ» («Լուվա ալ Իսլամ») անվանող խմբավորումը Դամասկոսի մերձակա Զամալքա բնակավայրում ազգային-կրոնական հողի վրա զանգվածային սպանդ էր իրագործել: Դաժանաբար սպանվածների թվում էին հայտնվել նաեւ հայ ընտանիքի 6 անդամներ` ամուսինը, եղբայրը, կինը եւ երեք երեխաներ։ Նախօրեի երեկոյան Զամալքայում գրոհայինների կողմից սպանված 6 հայերի մահվան մասին հաղորդել էր կառավարամետ «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը։



























