Հայաստանում տարեկան օգտագործվում է 528-581 հազ. տոննա ցորեն, իսկ տեղական արտադրության ծավալները 2009, 2010 եւ 2011 թթ. համապատասխանաբար կազմել են` 198.1, 183.5 եւ 224.0 հազ. տոննա, կամ հանրապետությունում օգտագործվող ցորենի 34,7-38,6 %: Այս մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրած «ՀՀ-ում 2012-17 թ.թ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման» ծրագրում:

Նշվել է, որ ցորենի ներկայիս ինքնաբավության աստիճանը բավականին ցածր է: Միջազգային չափանիշներով` երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, երբ առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքի պահանջարկի 70-75%-ն ապահովվում է սեփական արտադրության հաշվին:

Ծրագրի նպատակն է հանրապետությունում խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության (սուպերէլիտային եւ էլիտային) սերմերի արտադրությունը` 2017 թվականին հասցնելով 5500 տոննայի: