Նյույորքցի 37-ամյա գործակատար, ուղղադավան հրեա Լեւի Արոնը ցմահ ազատազրկման է դատապարտվել հասիդ տղայի սպանության համար։ Նա առեւանգած երեխային խեղդել էր, հետո անդամահատել եւ նրա մարմնամասերը պահել իր սառնարանում։ Հոգեբուժական փորձաքննությունը Լեւի Արոնին մեղսունակ է ճանաչել, չնայած որ նա հոգեկան խանգարում ուներ։
Բրուքլինի դատարանի որոշմամբ Լեւի Արոնը ճաղերի հետեւում նվազագույնը 40 տարի կանցկացնի։ Միայն 2052թ. նա պայմանական-վաղաժամկետ ազատվելու իրավունք կստանա։
Քննության տվյալներով՝ 2011 թ. հուլիսի 11-ին ութամյա Լեյբա Կլեցկիին ծնողները թույլատրել են ամառային ճամբարից ինքնուրույն անցնել յոթ թաղամաս։ Բայց այդ որոշումը դարձել է ճակատագրական։
Տղան մոլորվել է եւ որոշել է ճանապարհը հարցնել առաջին պատահածից, որը եղել է Լեւի Արոնը: Լեյբան չի իմացել՝ ուր գնալ, եւ այդ ժամանակ Արոնը նրան առաջարկել է Մոնսեյում հարսանիքի մասնակցել: Նրանք Բրուքլին են վերադարձել միայն կեսգիշերին: Լեւին տղային իր տուն է տարել, գրում է NEWSru.com-ը:
Հաջորդ օրը տղամարդն արթնացրել է Կլեցկիին եւ ասել, որ տուն կտանի: Փողոց դուրս գալով` նա խուճապի է մատնվել, քանի որ հասկացել է քաղաքում տղայի որոնումների մասշտաբը: Տուն վերադառնալով` նա Լեյբայի համար բուտերբրոդ է պատրաստել: Սակայն նախկինի պես Արոնը վախեցել է տղայի հետ փողոցում երեւալ: Կորած երեխայի որոնումները դրդել են Արոնին գազանաբար սպանել, քանի որ նա վախեցել է եւ այդ վախից ծագել է «մոլագարի ախտանիշը»: Նա սրբիչով խեղդել է Կլեցկիին:
Նշենք, որ այդ ժամանակ Բրուքլինում երեխայի անհետացման մասին իմացել էր ողջ Նյու Յորքը: Հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար հայտարարվել էր 125 հազար դոլարի դրամական պարգեւ:
Սպանությունից հետո Լեւի Արոնը երեխայի մարմինն անդամահատել է: Մարմնի որոշ մասեր նա նետել է աղբարկղերը, սակայն ոստիկանության հայտնվելու պահին չի հասցրել ազատվել բոլոր հանցանշաններից:
Հանցագործին հայտնաբերել են ատամնաբույժի ցուցմունքների շնորհիվ, որի մոտ Արոնը գնացել էր տղայի հետ, ինչպես նաեւ հսկող տեսախցիկների տեսագրություններից:




























