Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որեւէ լուրջ խնդիր չառաջացավ, որի պատճառով հարկ լիներ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով «Ժառանգության»՝ ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը։
««Ժառանգության» այս նախաձեռնությամբ ցանկացած 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացի կարող է մասնակցել քվեարկությանը, սակայն այդ դեպքում խնդիր կառաջանա գրանցում չունեցող քաղաքացիների հետ։ Կբարձրանա տարբեր ընտրատեղամասերում այդ քաղաքացու մի քանի անգամ քվեարկելու հավանականությունը»,- ասաց Բիշարյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է այս առաջարկը մանրամասն ուսումնասիրել, քանի որ անհնար է միանգամից հստակ պատասխան տալ։
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առկայության մասին հարցին Բիշարյանը պատասխանեց, որ ցանկացած օրենք կենդանի օրգանիզմ է, եւ ժամանակ առ ժամանակ պետք է փոփոխության ենթարկվի։ «Բայց խորհրդարանը լավ աշխատանք է կատարել Ընտրական օրենսգրքի վրա, եւ բոլոր ծագող խնդիրները կարող են լուծվել գործող օրենսգրքի շրջանակում»,- ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ժառանգություն» խմբակցությունը օրակարգ է մտցրել «Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանում համապետական ընտրությունների ժամանակ թույլատրել բոլոր չափահաս քաղաքացիների անկախ նրանց բնակության վայրից մասնակցել ընտրությանը։
Նշենք, որ Հայաստանի տարածքից դուրս (բացի դեսպանատներից) ընտրատեղամասեր չբացելու հարցը երկքաղաքացիության կիրառման թույլատրության պայմաններից մեկն էր, քանի որ Հայաստանի հասարակության մեծ մասը դեմ էր արտահայտվել երկրից դուրս ապրող քաղաքացիներին ձայնի իրավունք տրամադրելու հարցին։




























