Աֆրիկայի Գվիենայի ծոցում ծովահենների գրաված ռուսական անձնակազմով տանկերն ազատագրվել է, անձնակազմի հետ միասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Alpha Marine Crew Services քրյուինգային ընկերության (ծովային տրանսպորտի անձնակազմի հավաքագրմամբ զբաղվող ընկերություն) տնօրեն Օլեգ Կրավչենկոն։ Նրա խոսքով՝ ծովահենները տանկերից դատարկել են 3 հազար տոննա նավթը եւ լքել են նավը։ Անձնակզմից ոչ ոք չի տուժել։
Հիշեցնենք, որ նավը ծովահենները գրավել էին օգոստոսի 28-ին Տոգոյի մայրաքաղաք Լոմեից 30 կմ հեռավորության վրա։ Տոգոյի ծովային պարեկների եւ ծովահենների միջեւ հրաձգություն է եղել, սակայն գրավված նավով ծովային ավազակները կարողացել են հեռանալ հետապնդումից։
Նավի սեփականատերն է հունական Enterprises Shipping and Trading ընկերությունը։ Անձնակզմը բաղկացած է 24 անդամից։ Նավապետը հույն է, իսկ մնացած 23-ը Ռուսաստանի քաղաքացիներ են՝ հիմնականում Ռոստովի մարզից։




























