Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին` առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ ՄԶԳ-ն կառավարության կարեւոր գործընկերներից է եւ աջակից է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնված  բարեփոխումներին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նա հատկապես գոհունակություն է հայտնել մարզերում եւ համայնքներում ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ, որոնք մի կողմից ուղղված են տեղական կառավարման համակարգի զարգացմանը, մյուս կողմից` համայնքներում տեղական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Ըստ փոխվարչապետի` այս բաղադրիչների համադրումն է նաեւ ծրագրերի արդյունավետության գրավականը: Նա հատկապես առանձնացրել է ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող  «Քաղաքացիական հասարակության  եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը»:

Փոխվարչապետը նաեւ ընդգծել է Չ. Ջեթինդերի անձնական ջանքերը եւ նրան հանձնեց Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ադյունավետ է համարել համագործակցությունը: Անդրադառնալով  տարածքների զարգացման խնդրին` նա այդ նպատակի համար կարեւորեց ռեսուրսների համախմբումը: Նշելով, որ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն` Չ. Ջեթինդերը  վստահություն է հայտնել, որ հետագայում եւս կպահպանվի փոխգործակցության բարձր մակարդակը: