ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանային է եւ կապ չունի որեւէ ֆորսմաժորային իրավիճակի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Մինասյանի խոսքով` Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում օրակարգում կլինեն Իրանում եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակի, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցը. «Ղարաբաղյան գործընթացի կարգավորման հետ կապված ՆԱՏՕ-ն իր հստակ դիրքորոշումն ունի, որին Հայաստանն ըմբռնումով է մոտենում: ՆԱՏՕ-ն փորձում է իրեն հեռու պահել ղարաբաղյան խնդրից` հաշվի առնելով, որ դաշինքի մեջ մտնող երկու առաջատար պետությունները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են»: Մինասյանը նաեւ նշեց, որ կքննարկվեն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հարցեր:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստան կայցելի սեպտեմբերի 5 – 6-ին:




























