ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնել է ասիական մեծ շրջագայության:
Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, շրջագայության շրջանակում պետքարտուղարն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը կայցելի Կուկի, Ինդոնեզիա, Արեւելյան Թիմոր եւ Բրունեյ կղզիներ:
Սեպտեմբերի 3-4-ը Չինաստանում պետքարտուղար Քլինթոնը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունները կունենան հարցերի լայն ընդգրկում, որոնք կարեւոր են ամերիկա-չինական հարաբերությունների համար: Կողմերը կքննարկեն նաեւ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներ:
Քլինթոնը կդառնա առաջին պետքարտուղարը, որը կայցելի Դիլի (Արեւելյան Թիմոր): Տեղական պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ պետքարտուղարը կընդգծի, որ ԱՄՆ-ն աջակցում է Արեւելյան Թիմորի երիտասարդ ժողովրդավարությունը:
Բրունեյում Քլինթոնը կխոսի նաեւ Հարավարեելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի եւ կայանալիք բրունեյյան նախագահության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սակայն Քլինթոնի շրջագայության գլխավոր կետը ԱԽՏՀ-ի գագաթաժողովն է: Սեպտեմբերի 8-9-ը Պետդեպարտամենտի ղեկավարը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը գագաթաժողովում: Նա ամերիկա-ռուսական երկկողմ համագործակցության բազմաթիվ հարցեր կքննարկի, այդ թվում նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես ճշտել է Նուլանդը, Լավրովի հետ Քլինթոնի բանակցությունների գլխավոր թեման կդառնա Սիրիայի իրավիճակը: «Պետքարտուղարը կհանդիպի Լավրովին: Սիրիան նրանց բանակցությունների հիմնական թեմաներից էր մեկ տարվա ընթացքում եւ այդպիսին էլ կմնա կայանալիք բանակցություններում», - ասել է Նուլանդը:




























