ԱՄՆ-ում «Իսահակ» փոթորիկը, որը ներկայումս մեղմացել է մինչեւ արեւադարձային մրրիկի, 60 հազար մարդու տարահանման պատճառ է դարձել Լուիզիանա եւ Միսիսիպի նահանգներում: Մեծ թվով տարածքներ անցել են ջրի տակ: Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը, ավելի քան 1 միլիոն բնակիչ մնացել է առանց հոսանքի:

Հաղորդվում է, որ Նոր Օռլեանում փոթորիկը աննշան վնասներ է հասցրել այն բանի շնորհիվ, որ այստեղ տեղադրված են եղել ամուր պաշտպանիչ պատնեշներ:

Ներկայումս ԱՄՆ-ում «Իսահակի» պատճառով հաստատվել է դեռեւս մեկ մահացու դեպք, հայտնում է ՌԲԿ-ն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է երկու զոհի մասին:

Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, Լուիզիանա նահանգի ամերիկյան իշխանությունները պատրաստվում են նոր աղետի: Միսիսիպի գետի վրա պատնեշ է վնասվել: Մոտակա ժամերին այն կարող է քանդվել` հորդառատ անձրեւների պատճառով: