Հայ ազգային կոնգրեսը կարող է նախագահական ընտրություններից առաջ անակնկալ մատուցել հայ հանրությանը եւ նախագահի թեկնածու առաջադրել մի մարդու, ում անունը դեռեւս չի շրջանառվում: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Խոսքը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի մասին է: Ինչպես արդեն գրել էինք, ՀԱԿ ակտիվի մի զգալի մասը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում առաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը` համարելով, որ դա Կոնգրեսի փրկության միակ հնարավորությունն է: Բայց Տեր-Պետրոսյանը կարծես թե մտադիր չէ տեղի տալ այդ ճնշումներին, մանավանդ որ հասկանում է, թե այս անգամ արդյունքներն ինչքան կարող են տարբեր լինել 2008-ի արդյունքներից, եւ դժվար թե առաջադրվի միայն այն բանի համար, որ մի քանի հոգի եւս մի քանի տարի Կոնգրեսի անունից հարցազրույցներ տալու կամ հայտարարություններ անելու հնարավորություն ունենան:
Մեր տեղեկություններով, այս պայմաններում բավական ակտիվացել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով մասնավոր այցով լինելով Սոսկվայում, այնտեղից վերադարձել է բավական ոգեւորված: Նրա շրջապատի ներկայացուցիչները վստահեցնում են, որ այնտեղ նրան հավաստիացրել են, որ առաջիկա նախագահական ընտրություններում Կոնգրեսի թեկնածուն լինելու է հենց ինքը, եւ խոստացել են համապատասխան նյութական եւ քաղաքական աջակցություն ցուցաբերել:
Ռուսները սիրում են միաժամանակ օգնել եւ ընդդիմության, եւ իշխանության թեկնածուներին: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Դեմիրճյանը, լինելով բավական նուրբ ինքնասիրության տեր անձնավորություն, վաղուց դուրս եկած կլիներ ՀԱԿ-ից, եթե չլիներ նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուն լինելու հեռանկարը: Իսկ Դեմիրճյանի ինքնասիրությունը հատկապես խոցվեց այն ժամանակ, երբ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունն ընտրում էր խմբակցության նախագահին։ Դեմիրճյանը համոզված էր, որ խմբակցության նախագահի ամենաարժանի թեկնածուն հենց ինքն է, եւ երբ Տեր-Պետրոսյանը որոշեց, որ խմբակցությունը պետք է ղեկավարի Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը նույնիսկ հարկ չհամարեց մասնակցել քվեարկությանը...»,- գրում է «Հրապարակը»։




























