Կոնգրեսի ու ԲՀԿ-ի միջեւ առաջանում է անխուսափելի մրցակցություն, թե ով ում թեկնածուին պետք է սատարի: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Բանն այն է, որ չսատարելու պարագայում արդեն կողմերն ընկնում են փաստորեն իշխանության դեմ, այսպես ասած, միասնական ճակատով պայքարը ձախողելու պատասխանատվության տակ: Միեւնույն ժամանակ, երեւի թե կասկած չկա, որ թե՛ Կոնգրեսը եւ թե՛ ԲՀԿ-ն հույս էլ չունեն, որ նախագահական 2013 թվականի ընտրություններում կարողանալու են Սերժ Սարգսյանին խանգարել` արձանագրելու իր հաղթանակը ընտրական արդյունքների տեսքով:
Խնդիրն այստեղ այն է, թե ով է լինելու երկրորդը, քանի որ բնական է` նախագահական ընտրություններից հետո նորից առաջանալու է իշխանության վերաբաժանման հարց, եւ երկրորդ ուժը, անշուշտ, ինչ-որ պահանջներ կներկայացնի Սերժ Սարգսյանին: Այս առումով ուշագրավ դրսեւորումներ է ունենում ԲՀԿ մարտավարությունը: Այս կուսակցության եւ նրա առաջնորդի հովանավորության կամ ազդեցության տակ գործող քարոզչամիջոցներով կարծես թե բավական նրբորեն սկսվում են գրոհներ Հայ ազգային կոնգրեսի դեմ: Դրանց նպատակն, իհարկե, ոչ թե Հայ ազգային կոնգրեսին վանելն է, նախագահական ընտրություններից առաջ Կոնգրեսի հետ համագործակցությունը վտանգելը, այլ հակառակը՝ Կոնգրեսին մղել անկյուն եւ հասցնել մի վիճակի, երբ ԲՀԿ-ի հետ հերթական գործարքի հարցում Կոնգրեսը չկարողանա որեւէ պահանջ ներկայացնել կամ ներկայացնի հնարավորինս քիչ պահանջներ եւ անվերապահորեն համաձայնի սպասարկել ԲՀԿ շահերը:
Այս առումով պետք է նկատել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը բավական ուժեղ դիրքերում է, քանի որ խորհրդարանական անարդյունավետ համագործակցության արդյունքում Կոնգրեսը վերջնականապես հայտնվել է ԲՀԿ-ի ծուղակում եւ այլեւս անկարող է որեւէ կերպ հարվածել այդ կուսակցությանը: Բանն այն է, որ այդ հարվածներն ինքնաբերաբար անդրադառնալու են նաեւ ԲՀԿ-ի հետ համագործակցության ամենափրկիչ բնույթի փուչիկը փչելու գործով տարված Կոնգրեսի վրա: Այդ գործը Կոնգրեսին հասցրեց փաստորեն մի վիճակի, երբ նա պետք է ընտրի՝ մնալ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի արանքում ու ճզմվել, արժեզրկվել, վարկաբեկվել, փոշիացվե՞լ երկու կողմից էլ, թե՞ խուսափել դրանից` այն դեպքում, երբ խուսափելու միակ տարբերակը ԲՀԿ-ի գրպանում հայտնվելն է»,- գրում է «Ժամանակը»:




























