Բաքվի մերձակայքում` Լոկբատան գյուղի տարածքում, գնացքը բախվել է ուղեւորատար ավտոբուսին:
ANSPRESS-ը, վկայակոչելով ակնատեսներին, հայտնում է, որ երբ ավտոբուսը մոտեցել է երկաթգծին, երկաթգծի աշխատողը ցանկացել է իջեցնել արգելափակոցը, սակայն վարորդ բղավել է նրա վրա եւ առանց թույլտվության փորձել է անցնել երկաթգծի վրայով, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը: Հաղորդվում է, որ գնացքը մոտ 100 մետր քարշ է տվել ավտոբուսը:
Contact.az-ի տվյալներով` 15 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը` վիրավորվել: Զոհվածների նույնքան թիվ է ներկայացնում նաեւ ANSPRESS –ը: «Ինտերֆաքսը», վկայակոչելով ադրբեջանական հեռուստաընկերությունները, նույնպես հաղորդել է 15 զոհի մասին, որոնց թվում է նաեւ ավտոբուսի վարորդը:
Միեւնույն ժամանակ, APA գործակալությունը, վկայակոչելով ճանապարհային ոստիկանությանը, հայտնում է 7 զոհի մասին: Գործակալության տվյալներով, ընդհանուր առմամբ 35 մարդ է տուժել, որոնց մեծ մասին հիվանդանոց են տեղափոխել:



























