Ամառային երեք ամիսների ընթացքում իսլամական հանրապետությունը կրկնապատկել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը, որոնք տեղակայված են երկրի կենտրոնում գտնվող Ֆորդո բնակավայրի միջուկային կենտրոնում։ Այդ մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցում (ԱԷՄԳ)։
ԱԷՄԳ-ի տվյալներով՝ մայիսին Ֆորդոյում 1604 ցենտրիֆուգ է եղել, օգոստոսին դրանց քանակը հասել է 2140-ի։ Ճիշտ է, նշվում է, որ իրականում 700-ից քիչ սարքեր են օգտագործվում։ Ֆորդոյում ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղակայել 2800 ցենտրիֆուգ։
Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», Թեհրանում հայտարարում են, որ Ֆորդոյի կենտրոնը կօգտագործվի բժշկական նկատառումներով ուրանը մինչեւ 20% հարստացնելու համար` քաղցկեղի բուժմանն անհրաժեշտ իզոտոպների արտադրման համար: ԱԷՄԳ-ոմ նշում են, որ մայիսին հրահանգիչները ձեռնարկությունում մինչեւ 27% հարստացված ուրանի հետքեր են նկատել: Իսլամական հանրապետության նեկայացուցիչները վստահեցրել են, որ դա պատահականություն է: Այժմ Թեհրանի իրավասության ներքո է 190 կգ ուրան՝ հարստացված մինչեւ 20%: Փորձագետները համոզված են, որ նման ուրանը զենքի մակարդակի հասցնելը մի քանի ամսվա գործ է:
ԱԷՄԳ-ի փաստաթղթում նաեւ ասվում է, որ Ֆորդոյում արտադրական հզորությունների ավելացումը համընկել է միջուկային օբյեկտում մաքրման հետ, որը տեղակայված է Թեհրանի մերձակայքի Պարչին ռազմական համալիրում: Այնտեղ, ըստ մասնագետների կարող էին փորձարկել միջուկային զենքի հրանոթային դետոնատորներ: Սակայն դա հնարավոր չէ ստուգել, քանի որ արբանյակային լուսանկարների միջոցով հաջողվել է պարզել, որ փետրվարի սկզբից Պաչինից դուրս են հանել մեծ քանակությամբ սարքավորումներ, համալիրի տարածքում քանդվել են մի քանի շենքեր, ոչնչացվել են նաեւ օբյեկտին մոտեցնող ճանապարհները եւ էլեկտրալարերը:




























