Երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը եւ փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հանդիպել են «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի մի խումբ աշխատողների հետ վերջիններիս խնդրանքով: «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ ատոմակայանի աշխատակիցները, ովքեր աշխատել եւ այժմ էլ աշխատում են առողջության համար առանձնապես ծանր եւ վնասակար պայմաններում, իրենց մտահոգությունն են հայտնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 1996թ. հունվարի 1-ին, ուժը կորցրել է 2003թ. ապրիլի 10-ին) կիրառման առնչությամբ: Ըստ նշված օրենքի 30-րդ հոդվածի` այն քաղաքացիները, ովքեր աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում, կենսաթոշակի անցնելիս նրանց աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկվում էր 1.5 անգամ: Իսկ 2003թ. ապրիլի 10-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը 1.5 անգամ հաշվարկելու մասին դրույթ սահմանված չի եղել: Ինչի պատճառով 2003թ. ապրիլի 10-ից հետո կենսաթոշակի անցած աշխատակիցների մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվել է որպես մեկ տարվա ստաժ:
Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը, ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ հարցի առնչությամբ խմբակցությունն արդեն գրավոր դիմել է պատկան մարմիններին, միաժամանակ հավաստիացրեց, որ իրենք հետամուտ են լինելու հարցի արդարացի եւ օբյեկտիվ լուծմանը:




























