Ոչ մի դատավոր չպետք է լինի արտոնյալ վիճակում, եւ դատավորների կողմից թույլ տրված խախտումները չպետք է անհետեւանք մնան: Այդ մասին այսօր` օգոստոսի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանում ՀՀ արդարադատության խորհրդի անդամների մասնակցությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության ընթացքի վերաբերյալ լրագրողներին տեղեկություններ տրամադրեցին ՀՀ արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամ Հովսեփ Փանոսյանը եւ ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը:
Նրանց տեղեկացմամբ` ՀՀ նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կարգապահական վարույթների պատճառով դատավորների անկախությունը չպետք է սահմանափակվի: «Դատաիրավական բարեփոխումները` անկախ եւ հանրությանը հաշվետու դատական իշխանության կայացման խնդիրը, գտնվում է ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության ներքո»,- ասաց Մ. Մակյանը:
«Նաեւ ուշադրություն հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ դատական համակարգի խնդիրներին վերաբերող բոլոր հաղորդումները ` կատարված պաշտոնական անձանց եւ քաղաքացիների կողմից, չպետք է անպատասխան մնան եւ, բավարար հիմքերի առկայության դեպքում, պետք է քննարկվի կարգապահական վարույթ հարուցելու, ինչպես նաեւ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը»,- ասաց Հ. Փանոսյանը:




























