Դեղագործական ձեռնարկության աշխատակիցները շփոթել են միանգամայն հակառակ ազդեցությամբ դեղերի պիտակները, 2 մարդ մահացել, իսկ 11-ի առողջությանը ծանր վնաս է հասցվել։
Մոսկովյան շրջանի դատախազությունը հաստատել է «Սոտեկս» դեղագործական ընկերության 5 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը
Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ 2008թ. օգոստոսի 16-25-ը «Սոտեկս» դեղագործական ընկերության արտադրամասում ներքին եւ միջմկանային ներարկման «Լիստենոն» դեղամիջոցի ոչ պիտանի ամպուլաներին սխալմամբ դրոշմվել էր ներարկման համար նախատեսված «Միլդրոնատ» դեղամիջոցի անունը, գրում է vesti.ru-ն։
Նշված դեղամիջոցները միանգամայն հակառակ ազդեցություն ունեն. «Միլդրոնատը» կիրառվում է սիրտ-անոթային համակարգի տարբեր տեսակի խախտումների բուժման համար, իսկ «Լիստենոնը» կտրականապես հակացուցված է նման հիվանդությունների դեպքում:
Քաղաքացիների կյանքի անվտանգությանը եւ առողջությանը վտանգ սպառնացող դեղորայքի ամպուլաները խառնվել են իսկական «Միլդրոնատի» ամպուլաներին եւ մանրածախ վաճառքի են հանվել Կուրգանի, Չելյաբինսկի, Նիժեգորոդսկի եւ Ռոստովի շրջաններում:
Սխալ դեղորայքի կիրառման զոհ են դարձել 13 մարդ, որոնցից 2-ը վախճանվել են, իսկ 11-ը առողջությանը ծանր վնաս են ստացել։



























