«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են «Պահպանենք շրջակա միջավայրը» ակցիայի իրականացման մասին: Հյուսիսային պողոտայում` Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտ, անցորդները ստանում էին կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Կտորե տոպրակները կարվել են «ԱրմենՏել» ընկերության եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության շրջանակում:
«ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մեծ ուշադրություն է դարձում շրջակա միջավայրի պահմանմանը: Իրականացնելով այս ակցիան` մենք եւս մեկ անգամ հիշեցնում ենք մարդկանց, որ բնության հանդեպ հոգատար եւ պատասխանատու վերաբերմունքը սկսվում է էկոլոգիապես մաքուր եւ բազմակի կիրառման ապրանքների օգտագործումից» - նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի համար այս ծրագիրը կարեւոր է երկու տեսանկյունից. նախ եւ առաջ այն հնարավորություն է տվել ժամանակավոր աշխատանքով ապահովել Քարակերտ համայնքի վեց կանանց: Բացի այդ, Հիմնադրամը հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից նախաձեռնած հակապլաստիկային շարժման անդամ եւ իր բոլոր ծրագրերում եւ աշխատանքներում կարեւորում է բնապահպանական իրազեկվածությունը», - նշեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:
Նշենք, որ 2012 թ-ի սկզբին «ԱրմենՏել» ընկերության եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջեւ ստորագրվեց երկարատեւ համագործակցության հուշագիր, որի շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը: Մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 6 գյուղում իրականացվեցին ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ավելի քան 100 ուսուցիչ ձեռք բերեցին հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացան ինտերնետում աշխատելու եւ տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին: Բնապահպանական ծրագրի շրջանակում արտադրվեցին եւ տարածվեցին կտորե պայուսակներ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը: Ավելին, լուծվեցին ոչ միայն էկոլոգիական այլ նաեւ սոցիալական հարցեր, քանի որ կտորի տոպրակների արտադրությունն ենթադրում էր նոր աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում:




























