Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններին արտերկրում բնակվող  կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկվել են իրենց փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքն իրացնելու` քվեարկելու հնարավորությունից: Ինչը քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ պատգամավորի խոսքով, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիները մեր երկրի սահմաններում բնակվող (գտնվող)  քաղաքացիների հետ հավասար են եւ պետք է ունենան ընտրելու եւ ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ:  «Մեր պետությունը պարտավոր է հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներից հավասարապես օգտվելու համար: Այս պայմանն երաշխավորելու համար անհրաժեշտ քայլերից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող կամ գտնվող շարքային քաղաքացու դիմումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան»,- առաջարկեց  Զարուհի Փոստանջյանը եւ կոչ արեց արտերկրում ապրող մեր հայրենակիցներին համապատասխան դատական գործընթաց սկսել իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի