Օգոստոսի 24-ին Գյումրիում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է եւս մեկ հոգի՝ Պատվական Մադոյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: NEWS.am-ի տեղեկություններով, եւս երկու հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրանք Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի հակառակորդներն են՝ Կարապետ Գարոյանը, ու Արտաշես Պողոսյանը:

Մեր տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից եւ հավելել, որ Գարոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեկաան օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ, իսկ Պողոսյանի նկատմամբ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին: Ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ավելի վաղ ձերբակալվել էր Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը: