Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայ սպայի մարդասպանին ներում է շնորհել իր երկրի օրենքները խախտելով։ Նման մեկնաբանություն է տվել Պրոֆեսոր Խանլար Ալիքփերովը ադրբեջանական Contact.az կայքում։
Ընդունելով պետության ղեկավարի՝ հանցագործներին ներում շնորհելու իրավունքը, գիտնականը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ համաձայն հանրապետության ՔՕ 82.2. հոդվածի՝ ներման ակտով պետության ղեկավարը կարող է ազատել միայն այն հանցագործներին, որոնք որոշակի ժամկետով են ազատազրկման դատապարտվել (օրինակ՝ երեք, հինգ, տասը տարով) կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ պատժի են ենթարկվել։
Այնինչ, Գերագույն դատարանի որոշմամբ Ռամիլ Սաֆարովը ոչ թե որոշակի ժամկետով էր ազատազրկվել, այլ՝ ցմահ։
«Հաշվի առնելով քրեական պատժի այս տեսակի առանձնահատկությունը եւ հանցանքի ծանրությունը՝ օրենքը սահմանել է նաեւ ցմահ ազատազրկման ենթարկված անձանց ներում շնորհելու հատուկ կարգը։ Այսպես, համաձայն Ադրբեջանի ՔՕ 82.3 հոդվածի՝ ցմահ ազատազրկման ենթարկված անձանց ներում շնորհել կարելի է միայն պատժաչափը 25 տարվա ազատազրկմամբ փոխարինելով։
Վերոգրյալից ելնելով` Ադրբեջանի Հանրապետության նախագահը ոչ մի պարագայում իրավունք չուներ ներման ակտի միջոցով ազատելու Ռ. Սաֆարովին հետագա պատժից:
Առավելագույնն, ինչ կարող էր անել պետության ղեկավարը, Ռ. Սաֆարովի ցմահ բանտակությունը 25 տարվա ազատազրկմամբ փոխարինելն էր:
Պետության ղեկավարի հրահանգը հակասում է նաեւ օրենսգրքի 8.4 կետին:
Ներման վերաբերյալ 2001 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հաստատած դրույթի համաձայն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներման հարցը կարող է վերանայվել միայն այդ դատապարտյալների կողմից պատիժն առնվազն 10 տարի կրելուց հետո:
Ներման ակտում ասված է, որ Ռ. Սաֆարովը դատապարտվել էր Հուգարիայի Բուդապեշտի դատարանի կողմից 2006 թվականի ապրիլի 13-ին: Հետեւաբար, նա իր ներման պահին 10 տարվա նվազագույն պատիժը, իմ կարծիքով, չի հասցրել կրել:
Դժբախտաբար, սա առաջին եւ նույնիսկ վերջին դեպքը չէ, երբ այդպես ցուցադրաբար «քաշում են» Ադրբեջանի Հանրապետության նախագահին…
Կասկած չկա, որ Սահմանադրությանը եւ երկրի այլ նորմատիվ ակտերին հակասող այդ նորմատիվ ակտը կդառնա համաշխարհային լրատվամիջոցների քննարկման առարկա, որը բնականաբար, բացասական կանդրադառնա երկրի միջազգային վարկանիշի վրա»,- գրում է պրոֆեսոր Հանլար Ալիքփերովը:




























