Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այսօր` օգոստոսի 31-ին բողոքի հերթական ակցիան են անցկացրել Գլխավոր դատախազության շենքի առջեւ:
ՀԱԿ ակտիվիստները պահանջել են արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին եւ պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց:
Ելույթ են ունեցել ՀԱԿ ակտիվիստներ Արեգ Գեւորգյանն ու Զարուհի Հովհաննիսյանը, որոնք նշել են, թե ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ակցիային մասնակցել են նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ:
ՀԱԿ ակտիվիստները նշել են, որ շարունակաբար` ամեն ուրբաթ հավաքվելու են դատախազության առջեւ:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ քրգործ հարուցել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով: Ակտիվիստների պնդմամբ, ոստիկաններն էլ դաժան ծեծի ենթարկել իրենց:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա` Արտակ Կարապետյանին, եւ երկուական տարվա ` Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին:




























