Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադիրներին տրամադրվելու են բացառապես տպագիր ձեւով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:

Ըստ բյուրոյի հաղորդագրության` նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարեւոր է հետագա հնարավոր հատուցումների անխոչընդոտ իրականացման համար: Վկայագրի տպագիր ձեւի շնորհիվ սպառողը հնարավորություն կունենա հեշտությամբ ծանոթանալ ԱՊՊԱ պայմանագրի հիմնական պայմաններին՝ այն ստորագրելուց առաջ:

Տվյալների էլեկտրոնային շրջանառության իրականացումը հնարավորություն կտա ՀՀ կենտրոնական բանկին եւ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին` ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դարձնել առավել արդյունավետ:

Գործող ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը սերտորեն կապված է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական միասնական համակարգին, հետեւաբար այս համակարգերի առցանց համագործակցությունը հնարավորինս կբացառի նաեւ ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կեղծիքների իրականացումը:  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ավտոսեփականատերերին` առավել հետեւողական լինել իրենց շահերի պաշտպանությանը եւ ԱՊՊԱ կտրոնի հետ միասին պարտադիր պահանջել տպագիր եղանակով կազմված ԱՊՊԱ վկայագիրը, ծանոթանալ դրա բովանդակությանը եւ հավաստիանալ, որ այն պատշաճ ստորագրված (կնքված) է ապահովագրական ընկերության անունից: Առանց օրենքի պահանջներին բավարարող ԱՊՊԱ վկայագիր ունենալու ԱՊՊԱ կտրոնը տրանսպորտային միջոցին փակցնելը բավարար չի համարվի, եւ կարող է հանգեցնել օրենքով սահմանված պատասխանատվության: