Հունգարիայում Հայաստանի դեսպանատունը (նստավայրը՝ Վիեննա) Հունգարիայի ԱԳՆ-ին հարցում է ուղարկել՝ կապված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստի հետ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Հունգարիայում Հայաստանի դեսպանատնից։ Հունգարիայի ԱԳՆ-ն պատասխան կտա օրվա երկրորդ կեսին, ինչից հետո Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին հանդես կգա հայտարարությամբ։
NEWS.am-ի թղթակիցը զանգահարել է նաեւ Հունգարիայի արտգործնախարարություն, որտեղ, լսելով Սաֆարովին արտահանձնելու օրինականության հարցը, խնդրել են զանգահարել երկուշաբթի օրը։
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Հայաստանի պետական կառույցները առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հրոսակը հայ սպային սպանել էր կացնով:
Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:




























