Հայաստանի  միջազգային պահուստները 2012 թ. հուլիսին կազմել են 1.67 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Հունիսի համեմատ միջազգային պահուստների ծավալը գործնականում չի փոխվել, սակայն հունվարի համեմատ առկա է մոտ 150 մլն դոլարի նվազում:

Միջազգային պահուստների կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Արժեթղթերի ծավալը հունիսի համեմատ նվազել է մոտ 300 մլն դոլարով եւ հուլիսին կազմում է 1.08 մլրդ դոլար: 2012 թ. ընթացքում սա արժեթղթերի ամենափոքր պորտֆելն է:

Հուլիսին աճել են կանխիկ դրամական միջոցները եւ ավանդները` կազմելով 535 մլն դոլար, հունիսի 263 մլն դոլարի համեմատ: Այսպիսով` միջազգային պահուստներում կանխիկ դրամական միջոցների ներկայիս մակարդակը գերազանցում է հունվարյան մակարդակին (մոտ 510 մլն դոլար):