Վատիկանը ետ է կանչել  գերմանական Titanic հումորային ամսագրի դեմ իր բողոքը ` հուլիսյան համարի շապիկի վրա  Հռոմի Պապի  լուսանկարների սադրիչ կոլաժների  համար: Այս մասին հայտնի է դարձել Բոննի գերմանական եպիսկոպոսների խորհրդակցության ժամանակ:

Վատիկանը հրաժարվել է իր բողոքից դատալսումներից մեկ օր առաջ: Titanic ամսագրի գլխավոր խմբագիրը իր գոհունակությունն է հայտնել այդ որոշման կապակցությամբ, հայտնում է «Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հռոմի պապի լուսանկարի նոր, սադրիչ կոլաժը հայտնվել է գերմանական երգիծական Titanic հանդեսի օգոստոսյան համարի կազմին:

Տիտղոսաթերթի վրա պատկերված է Բենեդիկտոս 16-րդը` կանացի շրթունքների եւ վեղարի վրա ձեռքերի հետքերով: Պապի ձեռքերը կարմիր գույնի են: Հուլիսյան համարը կաթոլիկ եկեղեցու հովվապետին ծաղրելու պատճառով հանվել էր վաճառքից:

Օգոստոսյան համարը թողարկվել է «Բողոքի պատճառ չկա, Հռոմի պապը մաքուր է» վերտառությամբ: Գլխավոր խմբագիր Լեո Ֆիշերը չի բացառել, որ այս համարն էլ դառնա դատական քննության առարկա: «Մենք շնորհակալ ենք սուրբ հորը մեր պարբերականի նկատմամբ հետաքրքրության համար»,- ասել է Ֆիշերը` ակնարկելով, որ նախորդ արգելքը կտրուկ ավելացրել է հանրության հետաքրքրությունը հանդեսի նկատմամբ: