Կամբոջայի կարմիր կհմերների «Առաջին տիկինը»՝ 80-ամյա Իենգ Տիրիտը, կազատվի բանտից եւ, ամենայն հավանականությամբ, դատարանի առջեւ չի կանգնի։ Բայց նրա վրայից կհանվեն ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրի մասնակցության մեղադրանքները։
Որոշման դրդապատճառը մեղադրյալի հիվանդությունն է՝ դեմենցիա, որն ավելի շուտ Ալցհեյմերի հիվանդություն է։ Փորձագետների խոսքով՝ կնոջ վիճակը վատացել է վերջին մի քանի ամիսներին։ Դատախազները նրան ազատելու համար հատուկ պայմաններ են առաջադրել. Նա իր մոտ անձնագիր չի ունենա, նրա գտնվելու վայրը կստուգեն, իսկ տարեկան երկու անգամ նա բժշկական հետազոտության կենթարկվի։
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, դատարանի առաջ կկանգնի Իենգ Թիրիթի ամուսին Իենգ Սարին` Փոլ Փոթի կառավարման տարիների արտգործնախարարը, նաեւ Նոուն Չեան` «թիվ երկու եղբայրը»` ազգային ասամբլեայի նախագահը, եւ իշխող կուսակցության նախկին նախագահ Կխիեու Սամփխանը: Բոլոր երեքին Իենգ Տիրիտի հետ միասին մեղադրում են ռազմական հանցագործություններում, մարդկության դեմ հանցագործություններում, այդ թվում նաեւ 1975-1979 թթ. Փոլ Փոթի բռնապետության օրոք Կամբոջայում երկու միլիոն բնակիչների ցեղասպանության մասնակցության մեջ:
Իենգ Տիրիտը Փոլ Փոթի առաջին կնոջ հարազատ քույրն է, որը մահացել է 1998 թվականին բնական մահով: Նա եւ ամուսինը 2007 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Կամբոջայի գործերով զինվորական դատարանի որոշմամբ ձերբակալվել էին Պնոմպենի մերձակայքի իրենց շքեղ առանձնատանը: Ռազմական դատարանն ստեղծվել էր կարմիր կհմերների վարչակարգի հանցագործությունների հետաքննության համար:




























