Ի նշան բողոքի Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացանահարած ադրբեջանցի Ռամիլ Սահիբ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելուն` մի խումբ երիտասարդ ակտիվիստներ, սոցիալական ցանցերի ակտիվ օգատետեր այսօր` օգոստոսի 31-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի Զաքյան 2 հասցեում գտնվող Հունգարիայի հյուպատոսության շենքի առջեւ: Երիտասարդները իրենց բողոքը արտահայտել են «Ամոթ, ամոթ» բացականչելով եւ հյուպատոսության շենքի վրա լոլիկներ նետելով: Երիտասարդների բողոքի ակցիան վերահսկել են ոստիկանության աշխատակիցները, որեւէ միջադեպ բողոքի ակցիայի ժամանակ չի գրանցվել: Հունգարիայի հյուպատոսությունից ոչ ոք ներքեւ չի իջել` լսելու բողոքի ակցիայի մասնակիցներին:
Հունգարիայի հյուպատոսության շենքի տարածքը արդեն մաքրել են, մնացել են միայն նետված լոլիկներից հետքեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. փետրվարին կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Սաֆարովը Ադրբեջան է արտաքսվել Հունգարիայից, որտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:











