Ադրբեջանական բանակի զինվորական սպան, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել, ուղարկվել է հայրենիք, որտեղ, խախտելով Ադրբեջանի տված երաշխիքները, անհապաղ ներում են շնորհել եւ ազատել նախագահի հրամանով, հայտնում է Associated Press-ը:
Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից, երբ խոստովանել էր, որ 2004թ. կացնով սպանել է հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Նրանք երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի կազմակերպած օտար լեզվի կուրսերին: Associated Press-ը նշում է, թե Հունգարիան որոշում է կայացրել Սաֆարովին արտահանձնել միայն Ադրբեջանի Արդարադատության նախարարության երաշխիքներից հետո, թե Սաֆարովը կշարունակի կրել պատիժը` միայն 25 տարի անց ազատ արձակվելու հնարավորությամբ:
Նշենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հրոսակը հայ սպային սպանել էր կացնով:
Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:




























