Վրաստանում նախընտրական շրջանում վրաց-ռուսական սահմանի դաղստանյան հատվածում տեղի ունեցած միջադեպը կօգտագործվի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նացիոնալիզմի եւ հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Փաթա Զաքարեիշվիլին` միաժամանակ նշելով, որ զինված խմբավորման ներթափանցումը ոչ մի կերպ կապված չէ երկրում ներքաղաքական իրավիճակի հետ:
Զաքարեիշվիլիի խոսքով` զինված խմբավորման ներթափանցումը նորություն չէ, սակայն այս դեպքը կօգտագործվի նախընտրական արշավի ընթացքում. «Արդեն մեկ ամիս է, ինչ Վրաստանում բուռն նախընտրական արշավ է, որի ընթացքում երկրի իշխանությունները, օգտագործելով վարչական ռեսուրսը, ամեն ինչ անում են` միավորվող ընդդիմությանը թուլացնելու համար»:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա քաղաքագետի խոսքով, այս առումով նրա ֆինանսական հնարավորությունները մեծ չեն, սակայն ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը կարող է անակնկալ մատուցել իշխանություններին: «Ընդդիմության ձայներն ավելի շատ կլինեն, քան կարծում է իշխանությունը»,-նշեց քաղաքագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 29-ին վրաց-ռուսական սահմանի դաղստանյան հատվածում վրաց ուժայիններն անցկացրել են հատուկ գործողություն` զինված հանցախմբի ոչնչացման նպատակով, որը Լոպոտի կիրճ էր ներթափանցել Դաղստանի տարածքից եւ պատանդ էր վերցրել տեղի մի քանի բնակիչների: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների` հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել էին 11 գրոհայիններ, եւս 6-ը շարունակում են թաքնվել կիրճում:



























