Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անհանգստության արտահայտումը` Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովի ներման փաստի առնչությամբ, նշվում է ANCA-ի հայտարարության մեջ:

ԱՄՆ Կոնգրեսի անդամները եւս իրենց անհանգստությունն են հայտնել հունգարական եւ ադրբեջանական որոշումների վերաբերյալ:  ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտարարել է. «Վրդովված եմ Ադրբեջանի կառավարության անխոհեմ գործողություններով, որոնց արդյունքում ազատ է արձակվել  հայ անզեն սպային գազանաբար սպանած ադրբեջանցի զինվորը:  Չափազանց վրդովեցուցիչ է, որ Ադրբեջանի նախագահը մարդասպանի ազատ արձակման հրաման է արձակել  եւ թույլ տվել նրան ազատության մեջ լինել: Դրանք արդարության եւ խաղաղության ձգտող կառավարության գործողություններ չեն:  Ցավոք, Ադրբեջանի գործողությունները եւս մեկ անգամ հաստատում են այդ երկրի կողմից Հայաստանի եւ նրա ժողովրդի նկատմամբ բռնության խրախուսումն ու աջակցումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեի ավագ անդամ Բրեդ Շերմանը նշել է. «Խորապես անհանգստացած եմ հունգարական կառավարության որոշմամբ: Ես կանգնած եմ մեր բարեկամ եւ դաշնակից Հայաստանի եւ նրա` խաղաղության ու իր քաղաքացիների անվտանգության ձգտման կողքին: Ես Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում  դատապարտված հանցագործին ազատ արձակելու փոխարեն դատական պատասխանատվության ենթարկել»: