ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ափսոսանք է հայտնել Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում առաջընթացի բացակայության համար` ծանոթանալով ԱԷՄԳ-ի վերջին զեկույցին: Ընդ որում, Պան Գի Մունն ընդգծել է, որ տվյալ խնդիրն անհրաժեշտ է լուծել միայն դիվանագիտական մեթոդներով:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակի` Պան Գի Մունն ընդգծել է, որ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ «կարող են լինել միայն դիվանագիտական եւ համաձայնեցված որոշումներ՝ փոխադարձ եւ աստիճանական գործընթացի միջոցով», հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այս շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գտնվել է Թեհրանում, որտեղ մասնակցել է Չմիավորված շարժման երկրների գագաթաժողովին, եւ երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Մինչդեռ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին օգոստոսի 31-ին հերքել է ԱԷՄԳ-ի ենթադրությունն այն մասին, որ Պարչինի ռազմակայանում իրականացվում են աշխատանքներ` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:
«Այդ հայտարարությունները տեխնիկական հիմնավորում չունեն: Դրանք միայն պատճառ են, հնարավոր չէ մաքրել այն վայրը, որտեղ միջուկային աշխատանքներ են տարվել», - ասել է Սալեհին:
Թեհրանը պնդում է, որ Պաչինի ռազմակայանը զուտ ռազմական օբյեկտ է, որեւէ կապ չունի միջուկային ծրագրին, այդ պատճառով էլ չի մտնում ԱԷՄԳ-ի կողմից հրահանգվող օբյեկտների շարքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ISNA-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱԷՄԳ-ի վերջին զեկույցում նշվում էր, որ ամառային 3 ամիսների ընթացքում իսլամական հանրապետությունը երկու անգամ ավելացրել էր ցենտրիֆուգների քանակը ուրանի հարստացման համար, որոնք հաստատված են Ֆորդո բնակավայրի ստորերկրյա միջուկային կենտրոնոմ:



























