Մեքսիկական թմրակարտելի 3-րդ եղբայր Արելյանո Ֆելիքսը` Էդուարդոն,  Մեքսիկայից արտահանձնվել է ԱՄՆ-ին: Եղբայրները ղեկավարում էին «Տիխուանա» թմրակարտելը:

ԱՄՆ-ում Արելյանո Ֆելիքսը մեղադրվում է փողերի լվացման եւ թմրանյութերի վաճառքի մեջ: 55-ամյա թմրաբարոնը 2008 թվականի հոկտեմբերին ձերբակալվել էր Տիխուանայում` Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքում: 2010 թվականին որոշում էր ընդունվել ԱՄՆ-ին նրա արտահանձնման մասին, սակայն բողոքարկման վերանայման ժամանակ Էդուարդոն մնացել է հայրենիքում, հայտնում է «Բալտինֆոն»:

«Տիխուանա» կարտելը տեղակայված էր համանուն քաղաքում եւ 1980-ականների վերջից ղեկավարվել է Արելյանո Ֆելիքս 6 եղբայրների կողմից: Երբ 2002 թվականին Բենջամին Արելյանո Ֆելիքսը ձերբակալվել էր, իսկ նրա եղբայր Ռամոնը զոհվել ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, կարտելն սկսել էր կորցնել իր ազդեցությունը: Էդուարդո Արելյանո Ֆելիքսը, որն ստացել էր «Դոկտոր» մականունը, փոխարինել է Բենջամինին: 

Բեջամին Արելյանո Ֆելիքսը ԱՄՆ-ին արտահանձնվել էր 2011 թվականի ապրիլին, իսկ մեկ տարի անց նրան դատապատել էին 25 տարվա ազատազրկման եւ 100 միլիոն դոլար տուգանքի: ԱՄՆ-ում  բանտային պատիժ է կրում եւս մեկ եղբայր` Ֆրանսիսկո Խավիերը։