Օգոստոսի 24-ի ուշ երեկոյան Գյումրիում հնչած կրակոցների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ դեպքի մեկ մասնակից կա ձերբակալված՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը՝ Հարություն Համբարյանը, որը համարվում է սույն գործով մեղադրյալ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Վերջինիս նկատմամբ Շիրակի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում կիրառեց երկամսյա կալանք։ Այս պահի դրությամբ գործով եւս երեք մեղադրյալ են հայտնի՝ Գյումրիի քաղաքապետի որդին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Գյումրի քաղաքի բնակիչներ Արտաշես Պողոսյանն ու Կարապետ Գարոյանը։
Մի քանի կասկածյալների անուններ էլ են հայտնի, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով, առայժմ չեն հրապարակվում։ Քննչական մարմնում չեն բացառում, որ առաջիկայում սույն գործով մեղադրյալների քանակը կավելանա, քանի որ, շրջող լուրերի համաձայն, վիճաբանող երկու կողմերի մասնակիցներն էլ կրակել են։
Նշենք որ քաղաքում տարածված լուրերի համաձայն՝ Գյումրիում հնչած կրակոցների գործով «խառն է» ոչ միայն Ղուկասյանների կլանը, այլ նաեւ Գյումրիի քաղաքապետի ներկայիս թեկնածու Սամվել Բալասանյանը, ում նորաթուխ թիմակիցները այդ միջադեպի հակառակ կողմի մասնակիցներն են։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Բալասանյանը նույնպես շահագրգռված է, որ դեպքը շատ մեծ հնչեղություն չստանա»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























