Դեռեւս Ռամիլ Սաֆարովի դատավարության ժամանակ հայկական կողմը հունգարական կողմին տեղյակ էր պահել, որ եթե արդար պատիժ չլինի, ճանապարհ է բացվում արդեն վրեժխնդրության համար, եւ հունգարական կառավարությունը իր դատավճռով հաշվի առավ այդ հետեւանքները: Սակայն վերջին քայլով ճանապարհ է բացում շատ-շատ վատ բաների համար: Այս մասին այսօր`սեպտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց Հունգարիայում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի գործով հունգարական դատարանի կողմից տուժող ճանաչված Հայկ Մակուչյանը:
Նրա խոսքով, Հունգարիան ցույց տվեց, որ Եվրոպայի կենտրոնում` Հունգարիայում կարելի է հանգիստ մարդ սպանել, եթե քո երկիրն է ուղարկել քեզ այդ գործողությունը իրականացնելու համար: « Դա կարծես մեսիջ էր Ադրբեջանի ղեկավարության կողմից եւ, ցավոք սրտի, Հունգարիան կարծես դարձավ հանցակիցը: Ոչ մի բան չես կարող բացառել, քանի որ, եթե այդպես շարունակվի շատ մարդիկ արդեն ուրիշ ճանապարհ կբռնեն: Չէինք ուզենա, որ այդպես լիներ: Ոչ ոք չի ցանկանում, որ ինքնադատաստան լինի, բայց չի կարելի ճանապարհներ բացել այդ քայլերի համար: Եթե մարդը կատարել է, որեւէ արարք պետք է պատժվի կամ պահանջներ դնի Ադրբեջանի ղեկավարության արջեւ, բայց արդարության իրավունքը ամբողջականությամբ խախտվել է»,- նշեց Հայկ Մակուչյանը եւ ավելացրեց, որ ինքը իրավական ճանապարհի կողմնակից է, որ եւ Հունգարիան, եւ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվեն արդարության, մարդկության հանդեպ գործած այդ ցինիզմի համար:




























