ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի բնակչուհին 26 ժամում չորս անգամ ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով WMUR.com պորտալը:

Առաջին անգամ օգոստոսի 28-ի գիշերը 53-ամյա Ջոյս Քոֆիի դեմ բողոք են ներկայացրել հարեւանները: Ժամանած ոստիկանները դեռ հեռվից լսել են AC/DC եւ Guns N' Roses խմբերի երգերի ձայնը. Կնոջը նախազգուշացում է արվել, սակայն մեկ ժամ անց հարեւանները կրկին ահազանգել են, եւ ստիպված անդորրը խաթարողին բանտարկել են:

Նրան շուտով բաց են թողել, բայց հինգ ժամ անց կրկին բանտարկել են: Ոստիկանատնից ազատվելուց հետո որոշ ժամանակ անց` օգոստոսի 29-ի կեսգիշերից հետո, հարեւանները կրկին են դիմել ոստիկանություն, արդյունքում երրորդ կալանքն է տեղի ունեցել: Քոֆիի դեմ չորրորդ բողոքն ստացվել է օգոստոսի 29-ի ժամը 18:00-ի սահմաններում. Այս անգամ կինը թավայով հարվածել էր իր եղբորորդուն, որը փորձում էր նրա տնից տանել իր իրերը: Ամենայն հավանականությամբ, Քոֆին այս ամբողջ ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Դատավորը Քոֆիին ուղարկել է հատուկ թերապիայի կուրսերի, որի ընթացքում նրան կսովորեցնեն կառավարել բացասական զգացմունքները: Կուրսը հաջող ավարտելու դեպքում նա տնային կալանքի կենթարկվի: